(Արվեստագետ Սերիկ Դավթյանի դեռևս անտիպ ձեռագիր հուշերից, որի հետ նոր եմ սկսել աշխատել)
...13 տարեկանից սկսած ես մասնավոր դասեր էի տալիս: Բարձր դասարաններում այնքան էի աշխատում, որ ոչ միայն իմ ծախսն էի հանում, այլև օգնում էի ընտանիքիս: Լուրջ էի, լռակյաց, ինքնամփոփ, իմ իսկական բարեկամները գրքերն էին, կարդում էի առանց հանգստանալու: Երևակայությունս վառ էր, ունեի իմ ներքին հարուստ աշխարհը: Գնահատում, սիրում էի գրողներին, դերասաններին, երաժիշտներին ու երգիչներին: Բացի թատրոններից՝ լինում էի Թիֆլիսի կոնսերվատորիայում, դասախոսությունների, թանգարաններում: Թիֆլիսը բարձր կուլտուրայի ինտերնացիոնալ քաղաք էր: Այստեղ լինում էին նկարչական ցուցահանդեսներ: Մի քանի անգամ հաճախեցի Գևորգ Բաշինջաղյանի նկարների ցուցահանդեսին: Խորհրդավոր շրջապատում էր նրա «Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում» գործը: Ես այդ նկարն էի դիտում, երբ ինձ մոտեցավ մի տղամարդ և ռուսերեն հարցրեց.
- Ձեզ դո՞ւր է գալիս նկարը…
- Այո,- պատասխանեցի ես:
Հետո նա հարցրեց, թե ի՛նչն է դուր գալիս, արդյո՞ք նկարչությունը ինձ դուր է գալիս, թե չէ, նկարու՞մ եմ: Այդ ժամանակ ես նկարում էի: Տարեվերջին աշակերտական քաղաքային ցուցահանդեսին նույնիսկ ցուցադրված էր իմ նկարած «Ճագար» ճեպանկարը: ՈՒսուցչուհիս էր Ելիզավետա Իվանովնա Պատկանյանը (որը հետո աշխատեց Լենինականի նկարչական դպրոցում): Զրույցի ժամանակ խոսակիցս ասաց, որ ինքը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանն է: Ես զարմացա: Ինձ հրավիրեց իր տուն, ուր, իր ասելով, կային շատ նկարներ: Ես մի անգամ եղա Բաշինջաղյանի տանը՝ Վակեում…
1972 թ.
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ